Առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված երեխաներն ապաստանի ընթացակարգերում

Հայաստանում երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։ Իսկ եթե նրան Հայաստանում չի ուղեկցում ընտանիքի որեւէ չափահաս անդամ, ապա նա համարվում է առանց ուղեկցողի երեխա:

18 տարին չլրացած անձը, եթե նրան Հայաստանում ուղեկցում է չափահաս անձ, սակայն առանձին է ծնողներից, համարվում է ընտանիքից անջատված երեխա:

Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի պարագայում Միգրացիոն ծառայության կողմից ժամանակավորապես դադարեցվում է ապաստանի հայցի քննարկումը, մինչեւ տվյալ անձի համար նշանակվի ներկայացուցիչ:

Ներկայացուցիչը նշանակվում է Միգրացիոն ծառայության կողմից՝ համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող թեկնածուների շարքից։ Եթե երեխայի համար նշանակվել է խնամակալ/ հոգաբարձու, ապա ներկայացուցիչ է համարվում հենց նա։ Իսկ եթե երեխան տեղավորվել է սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ, երեխայի աջակցության կենտրոն), ապա երեխայի ներկայացուցիչ է նշանակվում հաստատության աշխատակիցը:
Նշանակված ներկայացուցիչը կներկայացնի երեխայի շահերը ապաստանի հայցի քննարկման ամբողջ ընթացքում: Միգրացիոն ծառայության հարցազրույցը եւս կանցկացվի ներկայացուցչի մասնակցությամբ:
Հարցազրույց կանցկացվի այդ նշանակումից հետո` երկու շաբաթվա ընթացքում։ Այն վարում է ՄԾ-ի՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ աշխատելու փորձառություն ունեցող աշխատակիցը։
Երեխայի ցանկության դեպքում Միգրացիոն ծառայությունը միջոցներ կձեռնարկի նրա ծնողներին որոնելու ուղղությամբ՝ ընտանիքի միավորման նպատակով:
Առաջնահերթության կարգով կհատկացվի սենյակ ՄԾ-ի ենթակայությամբ գործող ապաստան հայցողների համար նախատեսված բնակելի տարածքում («Հատուկ կացարանում»): Եթե երեխայի ներկայացուցչի հետ խորհրդակցելու արդյունքում համարվի, որ երեխայի բնակությունը Հատուկ կացարանում տեղին չէ, ապա նա կտեղափոխվի կեցություն եւ խնամք ապահովող մեկ այլ հաստատություն: