Ապաստան հայցողի իրավունքներն ու պարտականությունները

Ապաստան հայցողի իրավունքները

  1. Ապաստան հայցողն իրավունք ունի ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալ Հայաստանի պետական սահմանի անցման կետում, եթե նա խնդրում է պաշտպանություն (ապաստան է հայցել)։
  2. Ապաստան հայցողը Հայաստանում օրինական գտնվելու իրավունք ունի մինչեւ ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը, ներառյալ դատական կարգով (դատական ատյաններում) բողոքարկման գործընթացի ավարտը :
  3. Ապաստան հայցողը Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) դիմելու իրավունք ունի։
  4. Ապաստանի դիմումի քննարկման ընթացքում ապաստան հայցողն իրավունք ունի Հատուկ կացարանում բնակվելու, սնունդ ու հիգիենայի պարագաներ ստանալու, եթե կա ազատ տեղ։
  5. Հատուկ կացարանում ազատ տեղ չլինելու դեպքում ապաստան հայցողն իրավունք ունի բնակարան վարձակալելու նպատակով դիմելու Միգրացիոն ծառայություն դրամական օգնություն ստանալու համար, ինչը նախատեսված է առավել խոցելի անձանց աջակցելու համար։
  6. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխան Հատուկ կացարանում առաջնահերթության կարգով բնակվելու կամ օրենքով նախատեսված այլ հատուկ հաստատություններում տեղավորվելու, ինչպես նաեւ խնամակալ եւ ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։
  7. Հոգեկան հիվանդության կամ այլ առողջական խնդիրների դեպքում ապաստան հայցողը ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։
  8. Ապաստան հայցողը Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք ունի։
  9. Հայաստան ապօրինի մուտք գործելու եւ այնտեղ ապօրինի գտնվելու համար ապաստան հայցողն իրավունք ունի քրեական կամ վարչական պատասխանատվության չենթարկվելու։
  10. Ապաստան հայցողն իրավունք ունի Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու։
  11. Ապաստան հայցողն իրավունք ունի անվճար օգտվելու հարցազրույցի ժամանակ իր նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից ։
  12. Ապաստան հայցողներին վերապահված եմ շարժական գույքի ձեռքբերման, տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության հետ կապված, ինչպես նաեւ գույքային այլ գործարքների համար Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունքներ։
  13. Ապաստան հայցողն իրավունք ունի Հայաստանի քաղաքացիներին համահավասար աշխատանք փնտրելու եւ աշխատելու ցանկացած բնագավառում՝ բացառությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա հաստիքների: Աշխատանքի իրավունքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Միգրացիոն ծառայության կողմից տրված ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը եւ դրանից բխող օրենքով նախատեսված փաստաթղթերը։
  14. Ապաստան հայցողն ունի Հայաստանի քաղաքացիներին հավասար հիմնական եւ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք ։
  15. Ապաստան հայցողն իրավունք ունի անվճար շտապ բուժօգնություն եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն ստանալու, իսկ 18 տարին չլրացած անձինք նաեւ անվճար հիվանդանոցային բուժման հնարավորություն ունեն։
  16. Ապաստան հայցողն իրավունք ունի բողոքարկելու Միգրացիոն ծառայության բացասական որոշումը դատական կարգով։
  17. Միգրացիոն ծառայության մերժման որոշումը դատական կարգով բողոքարկելու համար ապաստան հայցողն իրավունք ունի ազատվելու պետական տուրքի վճարումից։
  18. Ապաստան հայցողն անձնական տվյալների պաշտպանության իրավունք ունի։
  19. Ապաստան հայցողը չի կարող իր կամքին հակառակ վերադարձվել իր ծագման երկիր։
Փախստականների և ապաստան հայցողների իրավունքները Հայաստանում

Փախստականների և ապաստան հայցողների իրավունքները Հայաստանում «Ապաստան դիմողները և փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հավասար իրավունքներ և պարտականություններ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Ի՞նչ է ասում ՀՀ օրենքը։

Posted by CivilNet on Wednesday, May 20, 2020

Ապաստան հայցողի պարտականությունները

Ապաստան հայցողը, իր իրավունքներից օգտվելիս, պետք է հարգի ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանի հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:

  1. Ապաստան հայցողը պարտավոր է համագործակցել Միգրացիոն ծառայության հետ՝ տրամադրելով լիարժեք եւ ճիշտ տեղեկատվություն։
  2. Ապաստան հայցողը պարտավոր է Միգրացիոն ծառայություն ներկայացնել ունեցած բոլոր փաստաթղթերը։
  3. Միգրացիոն ծառայության կողմից նշանակված օրը եւ ժամին ապաստան հայցողը պետք է ներկայանա հարցազրույցի։ Չներկայանալու պարագայում նա պետք է բացակայության հարգելի պատճառ ներկայացնի Միգրացիոն ծառայություն։
  4. Ապաստան հայցողի վկայականի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ պետք է դիմի ՄԾ` այն երկարաձգելու համար։
  5. Ապաստան հայցողը պարտավոր է պահպանել Հատուկ կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները։
  6. Ապաստան հայցողը պարտավոր է պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։
  7. Ապաստան հայցողը պետք է վճարի բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, կատարի պարտադիր այլ վճարումներ, ինչպես Հայաստանի քաղաքացիները: