Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ

Փախստական ճանաչվելու եւ ապաստան ստանալու դեպքում Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային ստորաբաժանման կողմից Ձեզ կտրամադրվի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստորեւ ներկայացված ձեւաչափով:
Այս փաստաթուղթը տալիս է Հայաստանում ազատ տեղաշարժվելու եւ Հայաստանից դուրս ճամփորդելու իրավունք:
Փաստաթղթի գործողության ժամկետը 2 տարի է, որից հետո այն յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է 2-ական տարով:
Մինչեւ 16 տարեկան Ձեր երեխայի (երեխաների) տվյալները կլրացվեն տրված փաստաթղթում:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է Անձնագրային եւ վիզաների վարչություն կամ նրա տարածքային ստորաբաժանում ներկայացնել`

  1. գրավոր դիմում,
  2. Միգրացիոն ծառայության որոշումը` փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին,
  3. 2 գունավոր լուսանկար /35×45 մմ/։

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնելու դեպքում պետք է 10-օրյա ժամկետում այդ մասին հայտնեք Միգրացիոն ծառայություն, ՀՀ Ոստիկանության մարմին, իսկ օտարերկրյա պետություններում փաստաթղթի կորստի դեպքում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (դեսպանատուն):

Ի գիտություն.
• ՀՀ քաղաքացիների նմանությամբ, նախատեսվում է կենսաչափական (բիոմետրիկ) կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ թողարկել՝ մինչեւ 16 տարեկան փախստականներին տրամադրելով 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի ժամկետով:
• որպես փախստականի կարգավիճակը եւ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ՝ նախատեսվում է ներմուծել նաեւ փախստականի նույնականացման քարտ։ Այն ծառայելու է բացառապես ներքին օգտագործման համար եւ նախատեսված չի լինելու Հայաստանից դուրս ճամփորդելու համար։