Ապաստանի ընթացակարգը

Ապաստանի դիմումը քննվում է Միգրացիոն ծառայության (ՄԾ) կողմից Ձեզ հետ անցկացվող հարցազրույցի հիման վրա։ Կայացվում է դրական կամ բացասական որոշում։ Դրական որոշման պարագայում Ձեզ տրվում է փախստականի կարգավիճակ, բացասական որոշման դեպքում Դուք պարտավորվում եք լքել Հայաստանը, եթե չեք բողոքարկում այն։ Բացասական որոշումը ենթակա է բողոքարկման բոլոր երեք դատական ատյաններով։ Եթե վերջնական որոշումը դրական է, ապա Ձեզ տրվում է փախստականի կարգավիճակ, եթե բացասական է, ապա Դուք պարտավորվում եք լքել երկիրը։ Ստորեւ ներկայացնում ենք ընթացակարգը գծապատկերի տեսքով, այնուհետեւ նկարագրում ենք ընթացակարգի յուրաքանչյուր փուլը մանրամասնորեն։

Ապաստանի ընթացակարգը

Հարցազրույց

Միգրացիոն ծառայությունում դիմումի հաշվառումից հետո Ձեզ հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցի անցկացման օրվա եւ ժամի մասին նախապես կտեղեկացվեք դիմումից հետո եռօրյա ժամկետում՝ ծանուցագրով: Հարցազրույցը կանցկացվի երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով: Ձեզ կտրվեն հարցեր, եւ Դուք պետք է պատասխանեք դրանց հնարավորինս սպառիչ եւ մանրամասն: Դուք պարտավոր եք ներկայանալ հարցազրույցի, համագործակցել Միգրացիոն ծառայության հետ եւ հարցազրույցը վարողին տրամադրել ճիշտ տեղեկություններ:
Եթե Դուք անհարգելի պատճառով չներկայանաք հարցազրույցին եւ չհամագործակցեք, ապա Ձեր դիմումի քննարկումը կարող է դադարեցվել Միգրացիոն ծառայության կողմից: Եթե անհնար է ներկայանալ հարցազրույցի կամ նշանակված ժամից ուշանալու եք հիմնավոր պատճառով, ապա խնդրում ենք այդ մասին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել Միգրացիոն ծառայությանը:
Ցանկության դեպքում հարցազրույցը կանցկացվի Ձեր նախընտրած սեռի աշխատակցի կողմից։ Եթե հայերեն չեք խոսում, ապա հարցազրույցը կանցկացվի Միգրացիոն ծառայության կողմից հրավիրված` Ձեր նախընտրած սեռի թարգմանչի մասնակցությամբ: Միգրացիոն ծառայության համաձայնությամբ Դուք նաեւ կարող եք ներկայացնել թարգմանիչ Ձեր սեփական ընտրությամբ եւ սեփական միջոցներով: Միգրացիոն ծառայության աշխատակցի կողմից կկազմվի հարցազրույցի արձանագրություն:
Ձեր համաձայնության դեպքում հարցազրույցին կարող է մասնակցել ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցը, ինչպես նաեւ Ձեր փաստաբանը Հանրային պաշտպանի գրասենյակից կամ Ձեր անձնական փաստաբանը:
Եթե Միգրացիոն ծառայությունը համարի, որ Ձեր դիմումն ակնհայտ հիմնավոր է, եւ գործում առկա են բավարար տեղեկություններ Ձեզ փախստական ճանաչելու համար, ապա որոշումը կարող է կայացվել առանց հարցազրույցի անցկացման:
Հարցազրույցը գաղտնի է: Ձեր հայտնած տեղեկությունները չեն հաղորդվի Ձեր երկրի իշխանություններին, ներառյալ դեսպանատներին, կամ որեւէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն Ձեր գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով. դրանք խիստ գաղտնի են եւ ենթակա չեն հրապարակման:

Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումները

Ապաստան ստանալու դիմումը քննարկվում է այն ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում: Միգրացիոն ծառայության որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել եւս երեք ամիս: Դիմումի քննարկման արդյունքում Միգրացիոն ծառայությունը կընդունի որոշում`

  • Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին, կամ
  • ապաստանի դիմումը մերժելու մասին:

Միգրացիոն ծառայությունը որոշումը կայացնում է հիմնվելով Ձեր անհատական գործում եղած եւ հարցազրույցի ժամանակ Ձեր կողմից տրամադրված տեղեկությունների, ինչպես նաեւ Ձեր ծագման երկրի մասին առկա տեղեկությունների հիման վրա։ ՄԾ-ն կարող է կիրառել փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու բացառման հիմքերը եւ չճանաչել Ձեզ փախստական, եթե կան հիմնավոր կասկածներ, որ Դուք կատարել եք հանցագործություն ընդդեմ խաղաղության կամ մարդկության, պատերազմական կամ այլ ծանր հանցագործություն, կամ մեղավոր եք ճանաչվել ՄԱԿ-ի նպատակներին կամ սկզբունքներին հակասող արարքների մեջ։
Եթե Դուք արդեն իսկ ճանաչվել եք փախստական «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թ․ կոնվենցիան ստորագրած որեւէ պետության կողմից, ապա Դուք ինքնաբերաբար կհամարվեք փախստական Հայաստանում, և Միգրացիոն ծառայությունը կքննարկի Ձեզ Հայաստանում ապաստան տրամադրելու հարցը։
Դուք կտեղեկացվեք Միգրացիոն ծառայության կողմից ընդունված որոշման մասին երեք օրյա ժամկետում։ Որոշումը կարող եք ստանալ Միգրացիոն ծառայությունից, կամ այն Ձեզ կուղարկվի փոստով։

Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը
Ձեր ապաստանի դիմումը կարող է քննարկվել արագացված ընթացակարգով, եթե`

  1. Ձեր ապաստանի հայցը ակնհայտ անհիմն է, այսինքն՝ դրանցում նշված հիմքերը ակնհայտորեն չեն համապատասխանում «փախստական» ճանաչվելու չափորոշիչներին (տես Գլուխ 1, կետ 1.2):
  2. Ձեր ապաստանի հայցն արդեն մեկ անգամ քննարկվել եւ մերժվել է, եւ Դուք ներկայացրել եք ապաստանի տրամադրման նոր դիմում։
    Արագացված ընթացակարգով դիմումը քննարկվում է տաս աշխատանքային օրվա ընթացքում: Միգրացիոն ծառայության որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս:
    Արագացված ընթացակարգի դեպքում դուք ունենք ապաստան հայցողների համար սահմանված բոլոր իրավունքները եւ պարտականությունները:
    Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվի Ձեր նկատմամբ, եթե Դուք հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցող եք:
    Հատուկ կարիքներ ունեցող անձ են հանդիսանում`
  • ապաստան հայցող կամ փախստական երեխաները,
  • հաշմանդամություն ունեցող մարդիկ,
  • հղի կանայք,
  • միայնակ ծնողները, որոնք ունեն անչափահաս երեխաներ,
  • ծանր հիվանդությամբ տառապող մարդիկ,
  • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք,
  • թրաֆիքինգի, խոշտանգումների, կամ բռնության այլ ձեւերի զոհերը: