Ապաստան հայցողի կողմից բողոքարկման իրավունքը

Միգրացիոն ծառայության որոշման բողոքարկումը

Դուք իրավունք ունեք Ձեր՝ ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով (դատական ատյաններում):

Եթե բողոքարկել եք Միգրացիոն ծառայության որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշման ընդունումը համարվում եք ապաստան հայցող եւ իրավունք ունեք օրինական գտնվելու Հայաստանի տարածքում, օգտվելու հասանելի ծառայություններից, բնակվելու Հատուկ կացարանում: Դուք չեք արտաքսվի/ վերադարձվի Ձեր երկիր, քանի դեռ վերջնական որոշում չի ընդունվել:

Միգրացիոն ծառայության որոշումը դատական կարգով բողոքարկելու համար Դուք ունեք իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար պետք է դիմում ներկայացնեք Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ: Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող եք դիմել նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը ( տե՛ս ՀԿ-ի գործունեության քարտեզը):

Ձեզ համար կնշանակվի հանրային պաշտպան, որը կօգնի բողոքարկման գործընթացում՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի, կկազմի հայցադիմում դատարանին ներկայացնելու համար եւ կպաշտպանի Ձեր շահերը դատական ատյաններում (միայն եթե բավարար միջոցներ չունեք՝ ինքնուրույն հոգալու իրավաբան վարձելու ծախսերը, եւ միայն եթե Հանրային պաշտպանի գրասենյակը կամ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն համարեն, որ բողոքարկման համար առկա են բավարար հիմքեր)։

Եթե ունեք ֆինանսական միջոցներ, ապա Ձեր միջոցների հաշվին կարող եք օգտվել փաստաբանական ծառայություններից՝ դիմելով ՀՀ Փաստաբանների պալատ կամ փաստաբանական գործունեություն իրականացնող որեւէ գրասենյակի:

Մերժման որոշումը բողոքարկելու համար անհրաժեշտ է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան։ Հայցադիմումը պետք է համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը, այլապես դատարանն այն չի ընդունի: Մերժման որոշումը բողոքարկելու համար խորհուրդ է տրվում դիմել իրավաբանի կամ փաստաբանի, որը կաջակցի բողոքարկման գործընթացում։

Բողոքարկման ընթացակարգը

Բողոքարկումն իրականացվում է դատական երեք ատյաններով`

  1. ՀՀ վարչական դատարան
  2. ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
  3. ՀՀ վճռաբեկ դատարան
    Հայցադիմումի քննարկման համար կոնկրետ ժամկետներ սահմանված չեն:

Բողոքարկման արդյունքում ընդունվող որոշումները

Վարչական դատարանը կարող է կայացնել հետեւյալ վճիռներից որեւէ մեկը.

  1. հայցը մերժել,
  2. հայցը բավարարել,
  3. չեղյալ համարել Միգրացիոն ծառայության որոշումը եւ պարտադրել Միգրացիոն ծառայությանը՝ վերանայել որոշումը։

Վարչական վերաքննիչ դատարանը կարող է կայացնել հետեւյալ վճիռներից որեւէ մեկը.

  1. բողոքը մերժել,
  2. բողոքը բավարարել,
  3. բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը եւ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ դատարանը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

  1. Համապատասխան հիմքերի բացակայության պատճառով վճռաբեկ բողոքը քննության չառնելու մասին․
  2. Վճռաբեկ բողոքը մերժելու մասին․
  3. Համապատասխան դատական ակտը ամբողջությամբ կամ մասամբ բեկանելու և համապատասխան դատարան նոր քննության ուղարկելու մասին․
  4. Համապատասխան դատական ակտը մասամբ բեկանելու և փոփոխելու մասին, եթե առկա են բավարար փաստական հանգամանքներ, որպեսզի վճռաբեկ դատարանը նման որոշում կայացնի․
  5. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բեկանելու և վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու մասին։

Բողոքարկման դիմումի ներկայացման սահմանափակումները

Որոշումը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում Դուք կարող եք դիմել ՀՀ վարչական դատարան: Եթե այդ ժամկետում չդիմեք դատարան, ապա ՄԾ-ի կայացրած որոշումը կհամարվի վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե հարգելի պատճառներով է խախտվել։ Ձեր բացակայության պատճառները համարվում են հարգելի, եթե տեղի են ունեցել Ձեզնից անկախ պատճառներով:
Այդ պատճառների վերացումից հետո 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում (հաշվված որոշման ծանուցման օրվանից), Դուք կարող եք բողոք ներկայացնել դատարան: Եթե այդ ընթացքում չբողոքեք, ապա ՄԾ-ի որոշումը կհամարվի վերջնական:

Ապաստանի տրամադրման նոր դիմումի քննարկման կարգը

Եթե ներկայացրել եք ապաստանի տրամադրման նոր դիմում (կրկնակի դիմում), ապա Միգրացիոն ծառայության աշխատակցի կողմից Ձեզ հետ կանցկացվի հարցազրույց՝ պարզելու համար՝ կան արդյոք նոր դիմումի քննարկման հիմքեր:
Եթե հարցազրույցի արդյունքում պարզվի, որ նոր դիմումի քննության հիմքեր չկան, ապա Ձեր նոր դիմումը չի քննարկվի:
Եթե պարզվի, որ կան հիմքեր, ապա Ձեր նոր դիմումը Միգրացիոն ծառայության կողմից կքննարկվի, եւ կընդունվի Հայաստանում փախստականի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու մասին որոշում: Եթե ընդունվի բացասական որոշում, ապա Դուք կարող եք այն եւս բողոքարկել դատական կարգով: Այս դեպքում Դուք կրկին շարունակում եք համարվել ապաստան հայցող եւ ունեք ապաստան հայցողների համար սահմանված բոլոր իրավունքները: