Փախստականի կարգավիճակի, ապաստանի դադարեցման եւ չեղյալ հայտարարելու կարգը

Փախստականի կարգավիճակի դադարեցումը

Ձեր՝ փախստականի կարգավիճակը Միգրացիոն ծառայության կողմից կարող է դադարեցվել հետեւյալ պատճառներով.

1. կամավոր կրկին ընդունել եք այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էիք, կամ
2. կորցրած լինելով Ձեր քաղաքացիությունը` կամավոր վերականգնել եք այն,
3. ձեռք եք բերել ՀՀ կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն եւ օգտվում եք այդ պետության պաշտպանությունից,
4. կամավոր վերադարձել եք այն երկիր, որը լքել էիք հետապնդման պատճառով,
5. այլեւս չեք կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին եք, որովհետեւ այն հանգամանքները, որոնց պատճառով Դուք ճանաչվել եք փախստական, այլեւս գոյություն չունեն,
6. չունենալով քաղաքացիություն` ի վիճակի եք վերադառնալ Ձեր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով ճանաչվել եք փախստական, այլեւս գոյություն չունեն,
7. անձնական պատճառներով այլեւս չեք ցանկանում համարվել փախստական:

Ապաստանի դադարեցումը

Ապաստանի տրամադրումը Միգրացիոն ծառայության կողմից կարող է դադարեցվել, եթե`

  • Դուք հիմնավոր պատճառներով վտանգավոր եք համարվում ՀՀ ազգային անվտանգության համար կամ
  • դատապարտվել եք առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

Փախստականի կարգավիճակը չեղյալ հայտարարելու կարգը

Ձեզ շնորհված փախստականի կարգավիճակը չեղյալ կհայտարարվի, եթե այն տրամադրելուց հետո Միգրացիոն ծառայությունը պարզի, որ`

  • Ձեզ փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր, քանի որ Դուք չեք բավարարել «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին, կամ
  • փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ Ձեր նկատմամբ կիրառելի է եղել բացառման հիմքերից որեւէ մեկը: