Հատուկ կացարանում սենյակ հատկացնելու կարգը
ՄԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների բնակության համար: Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվում:
Եթե Դուք ցանկանում եք բնակվել Հատուկ կացարանում, ապա պետք է Ձեր ապաստանի դիմումի մեջ նշեք այդ մասին կամ ներկայացնեք առանձին դիմում:
Դիմում ներկայացնելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում ՄԾ-ի կողմից Ձեզ կտրվի Հատուկ կացարանում բնակվելու մասին ուղեգիր, եթե այնտեղ համապատասխան ազատ սենյակ կա:
Սենյակ հատկացնելիս կացարանի տնօրենի կողմից հաշվի կառնվեն Ձեր ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը եւ այլ հանգամանքներ: Միեւնույն ընտանիքին չպատկանող տարբեր սեռի անձինք միեւնույն սենյակում չեն բնակեցվում:
Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին կտրամադրվի սնունդ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ: Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի դիմաց Դուք վճարումներ չեք կատարի: Խրախուսելի է այդ ռեսուրսների խնայողական օգտագործումը։ Հատուկ կացարանի գործունեությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Երբ Հատուկ կացարանում ազատ սենյակ չկա, ուղեգիր չի տրվում։ Այդ կամ ցանկացած այլ դեպքում, երբ որեւէ պատճառով հնարավոր չէ Ձեզ սենյակ հատկացնել Հատուկ կացարանում, ապա Դուք իրավունք ունեք դիմելու՝ դրամական օգնություն ստանալու համար բնակարան վարձակալելու նպատակով։
Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ՄԾ ներկայացնել սահմանված ձեւի դիմում: ՄԾ-ի եւ ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը ուսումնասիրություն կիրականացնի, կգնահատի Ձեր հիմնական կարիքները՝ այցելելով Ձեր փաստացի բնակության վայր, այնուհետեւ կկայացվի որոշում Ձեր դիմումի վերաբերյալ` ըստ սահմանված չափորոշիչների, քանի որ աջակցության այս տեսակը նախատեսված է առավել խոցելի անձանց համար։
Դրամական օգնությունը տրամադրվում է երեք ամիս ժամկետով, իսկ եթե ապաստանի դիմումի քննարկման ժամկետը երկարաձգվել է, ապա մինչեւ դիմումի քննարկման ավարտը (առավելագույնը վեց ամիս): Նկատի՛ ունեցեք, որ այս դեպքում չեն տրամադրվում հիգիենայի պարագաներ եւ սնունդ։
Ձեզ դրամական օգնություն չի կարող տրամադրվել, եթե՝
- Ձեր ապաստանի դիմումը ՄԾ-ի կողմից մերժվել է՝ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված արագացված ընթացակարգով,
- Ձեր ապաստանի դիմումը մերժվել է, եւ Դուք ներկայացրել եք ՀՀ-ում ապաստանի տրամադրման նոր դիմում,
- հրաժարվել եք Հատուկ կացարանում կամ այլ կացարանում բնակվելու Ծառայության առաջարկից,
- նախկինում բնակվել եք Հատուկ կացարանում եւ ազատել եք զբաղեցրած տարածքը՝ բնակության ժամկետը լրանալու կապակցությամբ,
- նախկինում բնակվել եք Հատուկ կացարանում, սակայն տրված ուղեգիրը ՄԾ-ի կողմից ուժը կորցրած է ճանաչվել՝ անհարգելի բացակայության կամ բնակության ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով,
- Դուք, որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա կամ էլ հատուկ կարիք ունեցող այլ անձ, տեղավորվել եք այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են Ձեր կենսաապահովման հիմնական կարիքները:
Դրամական օգնության տրամադրումը կդադարեցվի, եթե՝
- Ձեզ ՄԾ-ի կողմից հատկացվել է սենյակ Հատուկ կացարանում կամ այլ վայրում, անկախ նրանից Դուք փաստացի զբաղեցրել եք հատկացված տարածքը, թե ոչ,
- Դուք ապահովվել եք կացարանով օտարերկրյա պետությունների կամ միջազգային/հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում,
- Դուք սեփականության իրավունքով ձեռք եք բերել բնակարան,
- Դուք այլեւս ապաստան հայցողի կարգավիճակ չունեք:
Հատուկ կացարանում բնակվելու ժամկետները
Հատուկ կացարանում բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են որոշակի ժամկետներ: Դուք եւ Ձեր ընտանիքի անդամները կարող եք բնակվել կացարանում մինչեւ Ձեր ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվի:
Եթե Ձեր դիմումը մերժվել է, եւ Դուք այն բողոքարկել եք, ապա իրավունք ունեք շարունակելու Ձեր բնակությունը Հատուկ կացարանում` մինչեւ դատական ատյանների կողմից Ձեր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվի:
Եթե Ձեր դիմումը մերժվել է, եւ Դուք չեք բողոքարկում մերժման որոշումը, ապա իրավունք ունեք շարունակելու բնակվել Հատուկ կացարանում մինչեւ 30 օր ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո Դուք պետք է ազատեք սենյակը:
Եթե Ձեր դիմումը բավարարվել է, եւ Դուք ճանաչվել եք փախստական՝ ստանալով ապաստան, ապա ՄԾ-ի որոշումը ստանալուց հետո Դուք պետք է ազատեք Ձեզ տրամադրված սենյակը: Դրանից հետո կարող եք դիմել ՄԾ հանրակացարանային սենյակ ստանալու խնդրանքով: Այդ դիմումը քննության կառնվի համապատասխան աշխատանքային խմբի կողմից:
Հատուկ կացարանում բնակության ներքին կարգապահական կանոններ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 2016 թվականի օգոստոսի 10-ի հրամանով՝ սահմանված են Հատուկ կացարանում բնակվելու ներքին կարգապահական կանոնները, որոնք պետք է պահպանվեն կացարանի բնակիչների կողմից: Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները Ձեզ համար հասկանալի լեզվով կներկայացնի կացարանի տնօրենը, երբ տեղավորվեք այնտեղ։ Խնդրում ենք պահպանել դրանք։ |
Հատուկ կացարանում բնակության ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ կարող եք դիմել կացարանի տնօրենին, ինչպես նաեւ ՄԾ, ՄԱԿ ՓԳՀ եւ գործընկեր հասարակական կազմակերպություններին: