Կամավոր վերադարձ
Եթե ՄԾ-ն մերժել է Ձեր ապաստանի հայցը, եւ Դուք մերժման որոշումը չեք բողոքարկել, ապա որոշումը համարվում է վերջնական: Դուք պարտավոր եք կամավոր վերադառնալ Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր:
Եթե Դուք մերժման որոշումը բողոքարկել եք դատական կարգով, եւ Ձեզ ապաստանի տրամադրումը դատական վերջին ատյանների կողմից մերժվել է, ապա որոշումը համարվում է վերջնական: Դուք պարտավոր եք կամավոր վերադառնալ Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր:
Եթե ցանկանում եք կամավոր վերադառնալ, ապա կարող եք դիմել ՄԾ-ին կամավոր վերադարձի հարցում աջակցություն ստանալու համար: Կամավոր վերադարձի համար կարող եք դիմել նաեւ Ձեր հայցի քննարկման ընթացքում։
Միգրացիոն ծառայությունը Ձեզ կաջակցի`
- Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն ձեռք բերելու հարցում,
- Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր կամ հնարավոր միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի եւ վիզայի ստացման գործում:
Արտաքսում
Եթե Դուք սահմանված ժամկետներում կամավոր չլքեք Հայաստանի տարածքը, ապա Ձեր բնակությունը Հայաստանում կհամարվի ապօրինի: ՄԾ-ն կդիմի Հայաստանի ոստիկանությանը, եւ վերջինս կկազմակերպի Ձեր արտաքսումը։ Ձեր արտաքսումը Հայաստանից կիրականացվի միայն դատարանի որոշման հիման վրա:
Դուք չեք արտաքսվի Հայաստանից, եթե`
- ունեք Հայաստանում բնակության իրավունք տվող կացության որեւէ այլ կարգավիճակ (ժամանակավոր, մշտական կամ հատուկ): Կացության ժամանակավոր եւ մշտական կարգավիճակները տրվում են Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, իսկ կացության հատուկ կարգավիճակը` Հայաստանի նախագահի կարգադրությամբ,
- Դուք անչափահաս եք, եւ Ձեր ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանում,
- Ձեր խնամքի տակ ունեք անչափահաս երեխա կամ 80 տարեկանից բարձր տարիքի եք: Այս դեպքում կարող եք դիմել Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` Հայաստանում կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար: