Հայաստանում ապաստան հայցելու իրավունք
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր. «Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու եւ այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի» (14-րդ հոդվածի 1-ին մաս)
ՀՀ Սահմանադրություն. «Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք» (54-րդ հոդված)
«Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» (55-րդ հոդվածի 1-ին մաս)
Ո՞վ է համարվում ապաստան հայցող
Օտարերկրացին, ով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս եւ դիմում է Հայաստանում ապաստան ստանալու համար, հանդես է գալիս որպես ապաստան հայցող՝ նախքան ապաստան ստանալու մասին նրա դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու պահը:
• Դուք կարող եք դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն, եթե.
- ունեք ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ կամ
- Ձեր կյանքը, անվտանգությունը կամ ազատությունը վտանգված են համընդհանուր բնույթի բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգի լուրջ խախտումների այլ հանգամանքների հետեւանքով:
Որպես ապաստան հայցող՝ Դուք
- Չեք ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտք գործելու համար:
- Չեք արտաքսվում կամ հանձնվում օտարերկրյա պետությանը, եթե կա իրական սպառնալիք, որ Դուք կարող եք այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:
- Իրավունք ունեք բնակվել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ այնտեղ սենյակների առկայության դեպքում:
- Իրավունք ունեք անվճար օգտվել գրավոր եւ բանավոր թարգմանության ծառայություններից:
- Իրավունք ունեք ստանալ անվճար իրավաբանական օգնություն, ինչի համար պետք է դիմեք Հանրային պաշտպանի գրասենյակ:
- Իրավունք ունեք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների բնագավառում գործող կազմակերպությունների կողմից:
- Իրավունք ունեք դիմել Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչություն, ինչպես նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպություն:
Կարեւոր է իմանալ
- Դուք պետք է հայտնեք ապաստան հայցելու Ձեր մտադրության մասին ՔԿՀ-ի վարչակազմին, որն էլ այնուհետեւ կուղղի Ձեր ապաստանի դիմումը Միգրացիոն ծառայություն (ՄԾ):
- Ապաստան ստանալու մասին դիմումը կարելի է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինաբար (առանց պատշաճ ճամփորդական փաստաթղթերի) մուտք գործելու դեպքում: Նման իրավիճակներում Դուք պետք է դիմեք ՔԿՀ-ի վարչակազմին եւ անհապաղ տեղեկացնեք Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու Ձեր մտադրության մասին, եթե արդեն չեք դիմել պետական այլ մարմիններին (սահմանապահներին, ոստիկանություն, Միգրացիոն ծառայություն):
- Դուք կարող եք ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով դիմում ուղղել ՀՀ-ում փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով Ձեզ տրամադրել անվճար իրավաբանական օգնություն:
- Դուք պետք է մասնակցեք իրավասու պետական մարմինների, այդ թվում` ՔԿՀ-ի վարչակազմի կողմից անցկացվելիք հարցազրույցին:
- ՄԾ-ն ապաստան ստանալու մասին դիմումը քննարկում է այն գրանցելուց հետո՝ եռամսյա ժամկետում եւ կարող է երկարաձգել այդ ժամկետը մինչեւ երեք ամիս ժամանակով, բացառությամբ օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի:
- Հարցազրույցի ժամանակ ապաստան հայցողների կողմից ներկայացվող տեղեկությունները ոչ մի դեպքում չեն հաղորդվում Ձեր երկրի իշխանություններին կամ որեւէ երրորդ կողմին:
- Դուք պետք է հետեւեք ՀՀ օրենսդրությանը: