Ապաստան հայցողների եւ փախստականների նկատմամբ Հայաստանի կողմից կիրառվում է չվերադարձելիության սկզբունքը:
Եթե անձը Հայաստանում հայցում է ապաստան կամ ստանում է փախստականի կարգավիճակ, ապա նա իր կամքին հակառակ չի վերադարձվի իր քաղաքացիության կամ մշտական բնակության կամ որեւէ այլ երկիր, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ հետեւյալ պատճառներով՝
• ռասայական,
• կրոնական,
• ազգային,
• սոցիալական որոշակի խմբի պատկանելության,
• քաղաքական հայացքների կամ
• համատարած բռնության,
• արտաքին հարձակման,
• ներքին հակամարտությունների,
• մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ
• հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների:
Նա չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ դաժան, անմարդկային, ստորացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների կամ պատժի վտանգ կա։
Չվերադարձելիության սկզբունքը ապաստան հայցողի կամ փախստական ճանաչված անձի նկատմամբ չի կիրառվի`
- եթե նա ճանաչվել է փախստական, սակայն հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի անվտանգության համար,
- եթե դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության հիմքով՝ անձը վտանգավոր է հասարակության համար: