Ապաստան հայցողի իրավունքները
- Ապաստան հայցողն իրավունք ունի ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալ Հայաստանի պետական սահմանի անցման կետում, եթե նա խնդրում է պաշտպանություն (ապաստան է հայցել)։
- Ապաստան հայցողը Հայաստանում օրինական գտնվելու իրավունք ունի մինչեւ ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը, ներառյալ դատական կարգով (դատական ատյաններում) բողոքարկման գործընթացի ավարտը :
- Ապաստան հայցողը Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) դիմելու իրավունք ունի։
- Ապաստանի դիմումի քննարկման ընթացքում ապաստան հայցողն իրավունք ունի Հատուկ կացարանում բնակվելու, սնունդ ու հիգիենայի պարագաներ ստանալու, եթե կա ազատ տեղ։
- Հատուկ կացարանում ազատ տեղ չլինելու դեպքում ապաստան հայցողն իրավունք ունի բնակարան վարձակալելու նպատակով դիմելու Միգրացիոն ծառայություն դրամական օգնություն ստանալու համար, ինչը նախատեսված է առավել խոցելի անձանց աջակցելու համար։
- Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխան Հատուկ կացարանում առաջնահերթության կարգով բնակվելու կամ օրենքով նախատեսված այլ հատուկ հաստատություններում տեղավորվելու, ինչպես նաեւ խնամակալ եւ ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։
- Հոգեկան հիվանդության կամ այլ առողջական խնդիրների դեպքում ապաստան հայցողը ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի։
- Ապաստան հայցողը Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք ունի։
- Հայաստան ապօրինի մուտք գործելու եւ այնտեղ ապօրինի գտնվելու համար ապաստան հայցողն իրավունք ունի քրեական կամ վարչական պատասխանատվության չենթարկվելու։
- Ապաստան հայցողն իրավունք ունի Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու։
- Ապաստան հայցողն իրավունք ունի անվճար օգտվելու հարցազրույցի ժամանակ իր նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից ։
- Ապաստան հայցողներին վերապահված եմ շարժական գույքի ձեռքբերման, տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության հետ կապված, ինչպես նաեւ գույքային այլ գործարքների համար Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունքներ։
- Ապաստան հայցողն իրավունք ունի Հայաստանի քաղաքացիներին համահավասար աշխատանք փնտրելու եւ աշխատելու ցանկացած բնագավառում՝ բացառությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա հաստիքների: Աշխատանքի իրավունքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Միգրացիոն ծառայության կողմից տրված ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը եւ դրանից բխող օրենքով նախատեսված փաստաթղթերը։
- Ապաստան հայցողն ունի Հայաստանի քաղաքացիներին հավասար հիմնական եւ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք ։
- Ապաստան հայցողն իրավունք ունի անվճար շտապ բուժօգնություն եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն ստանալու, իսկ 18 տարին չլրացած անձինք նաեւ անվճար հիվանդանոցային բուժման հնարավորություն ունեն։
- Ապաստան հայցողն իրավունք ունի բողոքարկելու Միգրացիոն ծառայության բացասական որոշումը դատական կարգով։
- Միգրացիոն ծառայության մերժման որոշումը դատական կարգով բողոքարկելու համար ապաստան հայցողն իրավունք ունի ազատվելու պետական տուրքի վճարումից։
- Ապաստան հայցողն անձնական տվյալների պաշտպանության իրավունք ունի։
- Ապաստան հայցողը չի կարող իր կամքին հակառակ վերադարձվել իր ծագման երկիր։
Ապաստան հայցողի պարտականությունները
Ապաստան հայցողը, իր իրավունքներից օգտվելիս, պետք է հարգի ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանի հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
- Ապաստան հայցողը պարտավոր է համագործակցել Միգրացիոն ծառայության հետ՝ տրամադրելով լիարժեք եւ ճիշտ տեղեկատվություն։
- Ապաստան հայցողը պարտավոր է Միգրացիոն ծառայություն ներկայացնել ունեցած բոլոր փաստաթղթերը։
- Միգրացիոն ծառայության կողմից նշանակված օրը եւ ժամին ապաստան հայցողը պետք է ներկայանա հարցազրույցի։ Չներկայանալու պարագայում նա պետք է բացակայության հարգելի պատճառ ներկայացնի Միգրացիոն ծառայություն։
- Ապաստան հայցողի վկայականի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ պետք է դիմի ՄԾ` այն երկարաձգելու համար։
- Ապաստան հայցողը պարտավոր է պահպանել Հատուկ կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները։
- Ապաստան հայցողը պարտավոր է պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։
- Ապաստան հայցողը պետք է վճարի բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, կատարի պարտադիր այլ վճարումներ, ինչպես Հայաստանի քաղաքացիները: