Ի՞նչ է վերաբնակեցումը:
Վերաբնակեցումը փախստականների տեղափոխումն է ապաստան տրամադրող երկրից մեկ այլ երկիր, որը համաձայնել է ընդունել նրանց և, ի վերջո, տրամադրել նրանց մշտական բնակություն:
Արդյո՞ք առկա է վերաբնակեցման իրավունք:
Երրորդ երկրում վերաբնակեցումը, որպես այդպիսին, իրավունք չի հանդիսանում, և երկրները պարտավորություն չեն կրում ընդունել փախստականներին վերաբնակեցման համար: Երրորդ երկրում վերաբնակեցումը կախված է վերաբնակեցման երկրների քաղաքականությունից և նրանց ընդունելության չափանիշներից, ինչպես նաև՝ փախստականի դրությունից և անձնական հանգամանքներից: Այսպիսով, փախստականի վերաբնակեցման հնարավորության մասին վերջնական որոշումը կայացնում է երրորդ երկիրը, այլ ոչ թե՝ ՄԱԿ ՓԳՀ-ն։
Արդյո՞ք ՄԱԿ ՓԳՀ-ն իրականացնում է փախստականների վերաբնակեցում Հայաստանում։
ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակին վերաբնակեցման քվոտա չի հատկացվում, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այդ չափաբաժինների թվի նվազմամբ։ ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերն ուղղված են միջազգային պաշտպանության ազգային համակարգի ամրապնդմանը և Հայաստանում միջազգային պաշտպանության հասանելիությանը և նման պաշտպանության միջոցներից օգտվելու հարցում փախստականներին աջակցելուն։
Համապատասխանաբար, ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է նախաձեռնություններին և միջոցներ է հատկացնում՝ աջակցելով ապաստան հայցողներին և փախստականներին Հայաստանում ինքնապահովման և տեղական ինտեգրման գործում: Վերաբնակեցումը կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում՝ որպես պաշտպանության գործիք այն անձանց համար, ում առջև ծառացած են պաշտպանության լուրջ ռիսկեր, որոնք հնարավոր չէ կարգավորել Հայաստանում: ՄԱԿ ՓԳՀ-ն ուղղակիորեն կնույնականացնի վերաբնակեցման տարբերակը դիտարկելու հնարավոր դեպքերը: Այդ դեպքերի նույնականացումը կախված չէ հավանական թեկնածուների դիմումից: ՄԱԿ ՓԳՀ-ն տիրապետում է լիարժեք տեղեկատվության՝ այն ապաստան հայցողների և փախստականների իրավական և սոցիալական դրության մասին, ովքեր իրավական և սոցիալական աջակցություն են ստանում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրերն իրականացնող գործընկեր կազմակերպություններից: Եթե Ձեր դեպքն ընտրվի վերաբնակեցման տարբերակի քննարկման համար, ՄԱԿ ՓԳՀ-ն կապ կհաստատի Ձեզ հետ:
Արդյո՞ք ես պետք է վճարում կատարեմ վերաբնակեցման հետ կապված աջակցություն ստանալու համար։
ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկեր ՀԿ-ների կողմից տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են: Եթե Ձեզ խնդրեն վճարել ՄԱԿ ՓԳՀ-ի կամ ՀԿ-ի աշխատակիցների կողմից տրամադրված աջակցության համար, այդ մասին հայտնեք Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչին և (կամ) ՄԱԿ ՓԳՀ-ի Գլխավոր տեսուչին: ՄԱԿ ՓԳՀ-ի և գործընկեր ՀԿ-ների աշխատակիցների վարքագիծը կարգավորվում է ՄԱԿ ՓԳՀ-ի Վարքագծի կանոնագրքով: