Ի՞նչ է ապաստանը
Ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանությունն է՝ դրանից բխող իրավունքներով, ազատություններով եւ պարտավորություններով: Ապաստանը տրամադրվում է օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող Հայաստանում միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից անձին փախստական ճանաչելու միջոցով:
Հատուկ աջակցության կարիք ունեցող ապաստան հայցողներն ինչպե՞ս են անցնում ընթացակարգը։
Կան դեպքեր, երբ անձն այնքան վատառողջ է, որ ունակ չէ ընկալելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունը եւ նշանակությունը։ Այդ դեպքերում ապաստանի դիմումին ընթացք է տրվում համապատասխան կարգով (հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք Միգրացիոն ծառայություն):
Արդյո՞ք նորից կարող եմ ապաստանի հայց ներկայացնել։
Ապաստանի դիմումի վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժումից հետո կարող եք կրկին դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե
– առաջացել են նոր հանգամանքներ, որոնք նախկին դիմումի քննության ժամանակ չեն եղել,
– Դուք ունեք նոր ապացույցներ, որոնք նախկին դիմումի քննարկման ժամանակ չեք կարողացել ներկայացնել:
Նոր դիմումի քննարկման ժամանակահատվածում Դուք ունեք ապաստան հայցող անձանց համար սահմանված նույն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ունեիք Ձեր առաջին դիմումի քննարկման ընթացքում: