Պետական եւ ոչ պետական մարմիններն եւ կազմակերպություններն իրենց իրավասությունների շրջանակներում փախստականներին ցուցաբերում են աջակցություն բազմաբնույթ հարցերում.
•կացարանով ապահովման աջակցություն,
•նյութական աջակցություն,
•իրավաբանական աջակցություն,
•հոգեբանական աջակցություն,
•սոցիալական աջակցություն,
•առողջապահական աջակցություն,
•կրթական աջակցություն,
•կենսաթոշակներին առնչվող թղթաբանության հարցերով աջակցություն։
Կացարանով ապահովման աջակցություն
Պետությունը փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովելու պարտավորություն չունի: Միգրացիոն ծառայության ենթակայության տակ կան հանրակացարաններ, եւ ազատ սենյակների առկայության դեպքում կարող է Ձեզ տրվել հանրակացարանային սենյակ: Սենյակ տրամադրելու հարցը քննության է առնվում, եւ սենյակ հատկացվում է Միգրացիոն ծառայության կողմից համակարգվող համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Համապատասխան դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Միգրացիոն ծառայություն ցանկացած աշխատանքային օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00)։
Առողջապահական աջակցություն
Առողջական խնդիրներ ունենալու դեպքում Դուք կարող եք դիմել Ձեր բնակության վայրի պոլիկլինիկա, որտեղ Ձեզ կցուցաբերվի անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական աջակցություն: Առողջապահության մարմինների կողմից Ձեզ կցուցաբերվի անվճար շտապ բուժօգնություն:
Կրթական աջակցություն
Հանրակրթական մարմինները կաջակցեն Ձեր երեխային անվճար դպրոց հաճախելու հարցում: Բարձրագույն կրթություն ստանալու համար, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում, պետք է դիմել նախընտրած մասնագիտության գծով նախընտրած ուսումնական հաստատություն՝ ըստ ընթացակարգի:
Սոցիալիալական եւ հոգեբանական աջակցություն
Սոցիալական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերում են հիմնականում հասարակական կազմակերպությունները: Սույն գրքույկի վերջում նշված են այն մարմինները, նրանց հասցեներն ու հեռախոսահամարները, որոնց կարող եք դիմել աջակցության համար:
Զբաղվածություն
Աշխատանք գտնելու համար կարող եք դիմել Զբաղվածության պետական գործակալություն, որն առաջարկում է`
•Խորհրդատվություն եւ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
•մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն,
•աշխատանքի տեղավորման անվճար միջնորդություն,
•մասնակցություն զբաղվածության ծրագրերին եւ միջոցառումներին,
•որակավորման բարձրացման եւ վերամասնագիտացման ուսուցում :
Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների ցանկը հասանելի է հետեւյալ հղումով՝ http://employment.am/am/links.html։
Իրավաբանական աջակցություն
Ապաստան հայցողներին եւ փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն՝ համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
Հանրային պաշտպանի գրասենյակը սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն։ Փախստականներն ընդգրկված են որպես անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող առանձին խումբ։
Իրավաբանական խորհրդատվության համար կարող եք դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ՀՀ փաստաբանների պալատ