ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) հիմնադրվել է 1950 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատն է առաջնորդել եւ համակարգել աշխարհում փախստականների պաշտպանությանը եւ նրանց խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերը: Փախստականների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը կրում են կառավարությունները: ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատն է նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց աջակցությունը:
ՄԱԿ ՓԳՀ-ի դերը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) հանդիսանում է 1951 թ. Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի անդամ պետություն: ՀՀ կառավարությունը ստանձնել է ապաստանի դիմումները քննելու պատասխանատվություն: Հետեւաբար, փախստականի կարգավիճակի դիմումները պետք է ներկայացվեն Միգրացիոն ծառայություն, որը որոշում է կայացնում՝ արդյոք հայցվորը ստանում է փախստականի կարգավիճակ Հայաստանում (հասցեն տե՛ս այստեղ):
Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ն չի գրանցում փախստականներին եւ չի տրամադրում փախստականի փաստաթղթեր: Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի դերն է աջակցել պետական մարմիններին՝ ապահովելու ապաստանի տրամադրման որակյալ ընթացակարգեր, ինչպես նաեւ փախստականների եւ ապաստան հայցողների նկատմամբ պարտականությունների իրականացումը՝ միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան: ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է ապաստան հայցողներին՝ տրամադրելով սոցիալական եւ իրավական խորհրդատվություն եւ դատական ներկայացուցչություն՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: Ավելին, ՄԱԿ ՓԳՀ-ն հաճախ դիտորդի կարգավիճակով մասնակցում է փախստականի կարգավիճակի տրամադրման հարցազրույցներին եւ պետական մարմիններին ներկայացնում է իր դիրքորոշումը որոշ երկրներից ապաստան հայցողների միջազգային պաշտպանության կարիքների եւ իրավական խնդիրների վերաբերյալ:
ՄԱԿ ՓԳՀ-ն լրացնում է կառավարության ջանքերը՝ բավարարելու ապաստան հայցողների, փախստականների եւ տեղահանված անձանց հիմնական կարիքները եւ աջակցում է լրացնելու պակասը առողջապահության, կրթության եւ եկամտաբերության խթանման ոլորտներում՝ իրականացնելով ծրագրեր իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:
ՄԱԿ ՓԳՀ-ն նաեւ դասընթացներ է կազմակերպում պետական պաշտոնյաների, ՀԿ աշխատակիցների, ինչպես նաեւ փախստականների պաշտպանության հարցերում այլ կարեւոր դերակատարների համար:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը քարոզում է ազգային իրավական դաշտի եւ քաղաքականության բարելավումը՝ տրամադրելով խորհրդատվություն եւ գրավոր առաջարկներ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի մանդատը չի ներառում ապաստանի դիմումների ընդունումը՝ այլ երկրներ ապաստան հայցելու համար: Այլ երկրներում ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել համապատասխան երկրների դեսպանություններ:
ՄԱԿ ՓԳՀ թեժ գիծ՝ 0 8000 0025, փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և այլ տեղահանված անձանց համար
Թեժ գծի միջոցով կարող եք տեղեկանալ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի՝ փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և այլ տեղահանված անձանց համար նախատեսված օժանդակության ծրագրերի մասին (ներառյալ՝ գործընկեր կազմակերպությունների իրականացրած ծրագրերը) և ստանալ ամբողջական թարմացված տեղեկություններ ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ։
Զանգահարողը կարող է նաև հետադարձ կապ (գնահատական, բողոք, առաջարկություն) տրամադրել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կամ նրա գործընկեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքի վերաբերյալ:
ՄԱԿ ՓԳՀ-ի եւ իր գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող բոլոր ծառայություններն անվճար են:
ՄԱԿ ՓԳՀ-ի կամ իր գործընկեր կազմակերպությունների դեմ բողոք ներկայացնել կարող եք ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր կազմակերպությունների գրասենյակներում՝ լրացնելով բողոքի ստանդարտ ձեւը, կամ ուղարկելով նամակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ կամ էլ-փոստի [email protected] հասցեին՝ այն հասցեագրելով ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցչին, զանգահարելով թեժ գծին կամ ուղարկելով նամակ ՄԱԿ ՓԳՀ-ի գլխամաս, Գլխավոր տեսուչի գրասենյակ՝ այցելելով հետեւյալ վեբկայքը:
ՄԱԿ-ի Փախստականների գործակալություն (ՄԱԿ ՓԳՀ)
Հասցե՝ ՄԱԿ-ի գրասենյակ, Հայաստան, ք. Երեւան, 0010, Պետրոս Ադամյան փ. 14
Հեռ.՝ +374 10 564 771 (եթե գիտեք ներքին համարը), +374 10 584 892
Էլ-փոստ՝ [email protected]; [email protected]
Վեբկայք՝ http://www.unhcr.org