Ապաստանի դիմումը

Հայաստանում ապաստան հայցելու իրավունք

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր. «Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու եւ այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի» (14-րդ հոդվածի 1-ին մաս)

ՀՀ Սահմանադրություն. «Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք» (54-րդ հոդված)
«Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» (55-րդ հոդվածի 1-ին մաս)

Ապաստանն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրված օրինական պաշտպանություն է՝ դրանից բխող իրավունքներով և ազատություններով: Օտարերկրացուն տրվում է ապաստան փախստական ճանաչելու միջոցով: Յուրաքանչյուր ոք ունի օտար երկրում ապաստան հայցելու իրավունք:

Կարող եք դիմել նաեւ Միգրացիոն ծառայությանը, ՄԱԿ ՓԳՀ-ին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եթե ապաստան հայցելու վերաբերյալ ունեք խորհրդատվության կարիք (կոնտակտային տվյալների համար այցելեք Գործընկերներ եւ կոնտակտային տվյալներ էջը)։

Հայաստանում ապաստան հայցող անձինք ենթակա են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ ապաստանի գործող ընթացակարգերին։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել ՀՀ Միգրացիոն ծառայության պաշտոնական վեբկայքը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք Ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել Միգրացիոն ծառայության պաշտոնական էլ-փոստին՝ [email protected], կամ ներկայացնել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։
__________
➡️Խորհրդակցական բնույթի տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել.

✅ ՌԴ մուտքի արգելքի հարցերով՝ 060 275 007, 060 275 023,
✅ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով՝ 060 275 009, 060 275 018,
✅ Փախստականներին վերաբերող հարցերով՝ 060 275 008, 060 275 028,
✅ Ապաստանի հարցերով՝ 060 275 010, 060 275 034:

Ո՞վ է համարվում ապաստան հայցող

Օտարերկրացին, ով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս եւ դիմում է Հայաստանում ապաստան ստանալու համար, հանդես է գալիս որպես ապաստան հայցող՝ նախքան ապաստան ստանալու մասին նրա դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու պահը:

• Դուք կարող եք դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն, եթե.

  • ունեք ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ կամ
  • Ձեր կյանքը, անվտանգությունը կամ ազատությունը վտանգված են համընդհանուր բնույթի բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգի լուրջ խախտումների այլ հանգամանքների հետեւանքով:

Որպես ապաստան հայցող՝ Դուք

  • Չեք ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտք գործելու համար:
  • Չեք արտաքսվում կամ հանձնվում օտարերկրյա պետությանը, եթե կա իրական սպառնալիք, որ Դուք կարող եք այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի:
  • Իրավունք ունեք բնակվել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ այնտեղ սենյակների առկայության դեպքում:
  • Իրավունք ունեք անվճար օգտվել գրավոր եւ բանավոր թարգմանության ծառայություններից:
  • Իրավունք ունեք ստանալ անվճար իրավաբանական օգնություն, ինչի համար պետք է դիմեք Հանրային պաշտպանի գրասենյակ:
  • Իրավունք ունեք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների բնագավառում գործող կազմակերպությունների կողմից:
  • Իրավունք ունեք դիմել Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչություն, ինչպես նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպություն:

Դուք կարող եք ապաստան խնդրել գրավոր, բանավոր, ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով սահմանային անցման կետերում, իսկ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո` Ոստիկանության բաժանմունքներում, ՄԾ-ում կամ քրեակատարողական հիմնարկում։ Դուք իրավունք ունեք ապաստան ստանալու համար դիմելու նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք եք գործել ապօրինի:

Ապաստանի հայցումը ՀՀ պետական սահմանային անցակետերում

Ապաստան ստանալու համար Դուք կարող եք դիմել Հայաստանի հետեւյալ սահմանակետերում եւ օդանավակայաններում.
• Բավրա (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
• Բագրատաշեն (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
• Մեղրի (Հայաստան-Իրան ցամաքային սահմանակետ),
• Այրում (Հայաստան-Վրաստան, երկաթուղային սահմանակետ),
• Գոգավան (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
• «Զվարթնոց» միջազգային օդանավակայան եւ
• «Շիրակ» օդանավակայան։

Եթե Դուք օրինական մուտք եք գործել ՀՀ եւ գտնվում եք Հայաստանի որեւէ ցամաքային կամ օդային սահմանակետում, ապա ապաստան հայցելու Ձեր մտադրության մասին կարող եք հայտնել ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակցին: Հայցը գրանցելուց հետո Ձեզ կբացատրեն, թե ինչպես գնալ Միգրացիոն ծառայություն եւ ներկայացնել ապաստանի դիմում:

Սահմանապահ ծառայության աշխատակիցը Ձեզ կներկայացնի Հայաստանում ապաստան հայցելու ընթացակարգը եւ ապաստան հայցողների իրավունքները եւ պարտականությունները: Դուք իրավունք կունենաք օգտվել իրավաբանի օգնությունից եւ կապ հաստատել ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի հետ։

Եթե փորձում եք Հայաստան մուտք գործել առանց վավեր փաստաթղթի կամ թույլտվության եւ ցանկանում եք ապաստան հայցել, ապա սահմանակետում ծառայող աշխատակիցները մինչեւ 72 ժամ տեւողությամբ Ձեզ կարող են պահել հատուկ ժամանակավոր կացարանում, որը նախատեսված է օտարերկրացիների համար օրենքով նախատեսված ճշտումներ կատարելու նպատակով։ Ձեր ապաստանի խնդրանքը գրանցելուց հետո Ձեզ կայցելեն ՄԾ աշխատակիցները։ Սահմանապահ ծառայության եւ Միգրացիոն ծառայության աշխատակիցները կկազմեն ակտ, որի հիման վրա Դուք իրավունք կունենաք մուտք գործել Հայաստանի տարածք:

Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Դուք եւ Ձեր ընտանիքի անդամների ՀՀ սահմանակետից կտեղափոխվեք Միգրացիոն ծառայության գրասենյակ կամ Հատուկ կացարան:

Հարցի դեպքում խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Միգրացիոն ծառայության, ՄԱԿ ՓԳՀ-ի, «Հայկական կարմիր խաչի ընկերության», ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ու հանրային պաշտպանի գրասենյակների հետ։

Ապաստանի հայցումը ազատազրկման վայրում

Դուք իրավունք ունեք ապաստան հայցել նաեւ ազատազրկման վայրում (բանտում), եթե Ձեր երկրում Ձեր կյանքին կամ ազատություններին վտանգ է սպառնում եւ Դուք միջազգային պաշտպանության կարիք ունեք։
Պետք է Ձեր ապաստանի խնդրանքը ներկայացնեք քրեակատարողական հիմնարկի (բանտի) վարչակազմին: Այն կփոխանցվի Միգրացիոն ծառայություն` քննության առնելու համար:

Քրեակատարողական հիմնարկից եւս Դուք կարող եք դիմել Միգրացիոն ծառայություն, ՄԱԿ ՓԳՀ, Մարդու իրավունքների պաշտպանի ու Հանրային պաշտպանի գրասենյակներ, եթե ապաստանի հայցի վերաբերյալ խորհրդատվության կարիք ունեք։

Ապաստանի հայցումը ՀՀ տարածքում

Եթե գտնվում եք Հայաստանի տարածքում, ապա ապաստանի դիմում ներկայացնելու համար պետք է այցելեք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն: Դուք պետք է Միգրացիոն ծառայություն ներկայացնեք սահմանված ձեւի դիմում: Անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կօգնի լրացնել դիմումը: Այն կարող է լրացվել հայերեն, Ձեր մայրենի լեզվով կամ ՄԱԿ-ի լեզուներից մեկով (արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն):

Եթե Դուք Ձեր ընտանիքի անդամների հետ միասին եք ապաստան հայցում, ապա կարող է ներկայացվել մեկ միասնական դիմում` Ձեր ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից։ Սակայն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ներկայացնել նաեւ անհատական դիմում (առանձնացված միասնականից):

Դիմումի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

  • անձնագրի պատճենը, անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները, եթե հնարավոր է,
  • ծննդյան վկայականի պատճենը (եթե անչափահաս եք), եթե հնարավոր է,
  • Ձեզ մոտ առկա այն փաստաթղթերը, որոնցով, Ձեր կարծիքով, կարող է հիմնավորվել Ձեր դիմումը,
  • 2 գունավոր լուսանկար (35×45 մմ):