COVID-19/ Կորոնավիրուս

2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կայնքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը: Սակայն դրանցից շատերը սխալ տեղեկատվություն են պարունակում և կարող են վտանգավոր լինել: Ուստի անչափ կարևոր է օգտվել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքում կգտնեք հավաստի տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի  մյուս գործակալություններից, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):

Նոր կորոնավիրուսը նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019թ և մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Կորոնավիրուսները կենդանական ծագում ունեն, այսինքն՝ փոխանցվում են կենդանիների և մարդկանց միջև: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրինակ SARS-CoV- ը փոխանցվել է մարդուն ցիվետ կատուներից, իսկ MERS-CoV-ը՝ միասապատ ուղտերից: Մեզ հայտնի են նաև մի քանի այլ կորոնավիրուսներ, որոնք առկա են կենդանիների շրջանում, սակայն դեռևս չեն փոխանցվել մարդկանց:

Կորոնավիրուսի ախտանշանները

ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել  և նույնիսկ հանգեցնել մահվան:

Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝

  • ջերմություն,
  • հոգնածություն,
  • չոր հազ:

Այլ ախտանշաններն են՝

  • դժվարացած շնչառություն,
  • ցավեր,
  • կոկորդի վաց,
  • և շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք:

Թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, պետք է ինքնամեկուսանան և դիմեն իրենց բժիշկին կամ զանգահարեն ՔՈՎԻԴ-19-ի թեժ գծին՝ համապատասխան խորհուրդներ ստանալու համար:

Տենդ, հազ կամ դժվարացած շնչառություն ունեցող մարդիկ պետք է զանգահարեն իրենց բժշկին և դիմեն բժշկական օգնության:

Ինչպես պաշտպանվել վարակից

Վարակման տարածումը կանխելու համար հիմնական հորդորները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում, սննդի, մասնավորապես՝ մսի և ձվի պատշաճ պատրաստում: Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը:

Լրացուցիչ օգտակար խորհուրդների եւ տեղեկությունների համար կարող եք այցելել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վեբկայք։